Ժայռամագլցման արահետ

Տարին բոլոր, յուրաքանչյուր հնարավորության դեպքում գնում եմ ՀՀ սահմանամերձ գյուղերից Վայոց Ձոր մարզի Գոմք գյուղ վայելելու համայնքի էներգիան, ժողովրդավարության մասին կարդացածս տեսությունների իրականացումը տեղում տեսնելու և համայնքային բյուջեն գյուղի մեծ ու փոքրով ըստ տարվա առաջնահերթությունների բաշխելու գործընթացին «մասնակցելու» (գյուղի գրանցում չունեմ, պարզապես իրենք բավական թափանցիկ են):
Գյուղ մտնելուց զգացվում է, թե շրջապատն ինչ մեծ ձգողականություն ունի՝ շունչդ կտրվում է բնության գեղեցկությունից, ուժից ու ազդեցությունից, երևի հենց սա է, որ մարդկանց մաքուր ու պարզ է պահել, չի պղտորել միտքն ու բանականությունը:
Գյուղ հաճախակի են զբոսաշրջիկներ գալիս, բայց ենթակառուցվածքների շատ թույլ զարգացած լինելու պատճառով արագ պտտվում ու դուրս են գալիս, այնինչ, նրանց զբաղեցնելու հնարավորություններ լինելու դեպքում հնարավոր կլինի և զբոսաշրջային հոսք ապահովել, և զարգացնել գյուղացիների մոտ B&B հնարավորությունը:
Գյուղի էկոզբոսաշրջային հնարավորությունները հասանելի դարձնելու համար նպատակ եմ դրել աջակցել տեղում տեղացիների կողմից բիզնեսի կազմակերպմանը ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով, որն օգտագործելով տեղացիները կմատուցեն որոշակի ծառայություններ, իսկ ես մշտապես կաջակցեմ գյուղի հանրայնացմանն ու կօգնեմ, որ տեղացիները ի վիճակի լինեն օգտագործել ռեսուրսը:

Ծրագրիս նպատակն է տեղի ժայռային համակարգը հարմարեցնել ժայռամագլցումների կազմակերպման համար: Դրա համար հարկավոր է մաքրել ժայռերը քարաքոսերից և այլ բույսերից, գնահատել ժայռերն ու ժայռամագլցման արահետները ըստ բարդությունների, ամրացնել ժայռերին կեռիկներն ըստ նախապես պլանավորած բարդությունների:

Funded by Yerevan (March 2016)