Քարի ներսում թաքնված աշխարհի բացահայտումը

Մեր նախագիծը նպատակ ունի երեխաների հետ միասին բացահայտել Հայաստանի բնական միներալների աշխարհը։
Մենք երեխաների հետ միասին բնության մեջ փնտրելու ենք բնական միներալներ՝ ագաթ, հասպիս, ամեթիստ և այլ քարեր, ապա հատուկ քար կտրող հաստոցի միջոցով կտրելու և մշակելու ենք դրանք՝ տեսնելու համար, թե ինչ գեղեցկություն է թաքնված դրանց ներսում։
Շատ քարեր արտաքինից սովորական տեսք ունեն, սակայն կտրվելուց հետո բացահայտվում են զարմանալի գույներ, նախշեր և բյուրեղային կառուցվածքներ։ Այս գործընթացը երեխաների համար դառնում է միաժամանակ գիտական, ստեղծագործական և ոգեշնչող փորձառություն։
Մենք արդեն ունենք երեխաների հետ աշխատելու փորձ, և տեսել ենք, թե որքան մեծ հետաքրքրություն ու ոգևորություն է առաջացնում այս ձևաչափի գեոարշավը։ Երեխաները մեծ հաճույքով մասնակցում են որոնման գործընթացին, գտնում իրենց առաջին միներալները և ցանկանում են տեսնել դրանց ներքին կառուցվածքը։ Սակայն ներկայումս նրանք հնարավորություն չունեն անվտանգ պայմաններում մշակելու իրենց գտած քարերը, քանի որ անհրաժեշտ մասնագիտական հաստոցներ և համապատասխան պայմաններ չկան։
Նախագծի շրջանակում նախատեսում ենք ոչ միայն ձեռք բերել քարերի մշակման համար անվտանգ և հարմար հաստոց, այլ նաև պատրաստել տեղեկատվական բուկլետներ և ուսումնական նյութեր տարբեր միներալների մասին։ Դրանց միջոցով երեխաները կկարողանան ավելի հետաքրքիր և մատչելի ձևով ծանոթանալ յուրաքանչյուր քարի ծագմանը, առանձնահատկություններին, գույներին և կիրառություններին, ինչը փորձառությունն ավելի տպավորիչ, կրթական և հիշվող կդարձնի։
Նախագիծը երեխաներին հնարավորություն կտա․
ճանաչել Հայաստանի բնական հարստությունները,
սովորել միներալների և քարերի մասին,
զարգացնել հետաքրքրասիրությունը և ստեղծարար մտածողությունը,
ավելի մոտ լինել բնությանը,
և սեփական ձեռքերով մասնակցել բացահայտման գործընթացին։

Financé par Yerevan (June 2026)