ՆորՇեն_Lib

Նստած դաս եմ անում և մտածում եմ, թե ինչքան հետաքրքիր և արդյունավետ է, որ դպրոցում օգնում եմ դասընկերներիս և կրտսեր ընկերներիս: «Սովորելու լավագույն մեթոդը սովորեցնելն է»,- սա գաղտնիք է, որ հասկացանք ընկեր Արայի շնորհիվ:
Իսկ ինչքա՜ն արդյունավետ կլիներ, եթե դասերից հետո էլ կարողանայինք աշակերտներով միասին աշխատել, մեր օրը միասին կազմակերպել: Ցավոք տանը դա անել հարմար չէ, գյուղի առօրյան և ծնողների հոգսերը թույլ չեն տալիս, միջավայրն էլ համապատասխան չէ: Դպրոցում էլ չունենք հարմար լսարան, դրանք փոքր են և հագեցած:

Հմմմ, բայց մեր նորակառույց ակումբի շենքում ունենք գրադարան, որը դրա համար շատ հարմար է: Վերջերս այնտեղ եղա. սովետական խունացած և խոնավացած գրքերի հսկա հավաքածու, որոնք վաղուց ոչ մեկին հետաքրքիր չեն: Թարմություն է պետք: Awesome! Հասկացա՛:

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

Աշակերտներով կմաքրենք գրադարանը:
Մաշված գրքերը կհանձնենք մակուլատուրա, գումարով կվերանորոգենք կահույքի մի մասը:
Իսկ հետո՞ ինչ անել, մմմմ...:
Հիշեցի՜: Դասընկերներս պատմում էին, որ երբ եկել էին Երևան «ՆորՇենԼաբ_2»-ի եզրափակչին, ընկեր Արան նրանց տարել էր մի հիանալի աշխատանքային միջավայր, որի անունն է Loft: Ուսումնասիրել եմ իրենց կայքը, նման մի բան է մեզ պետք:

Տիրուհին, Անին և ես լավ ենք նկարում, կգնենք ներկեր և պատերը մեր ձեռքով կգունազարդենք:
Կգնենք պուֆիկներ՝ ժամանցի կենտրոնում ընթերցարանությունը հարմարավետ դարձնելու համար:
Գրքերի ցուցապահոցը (ստենդ) կվերանորոգենք, կներկենք, և կշարենք բոլորովին նոր գրքեր: Դա թարմության շունչ կհաղորդի և կխթանի ընթերցանությունը: Հիշում եմ ինչքա՜ն հետաքրքիր էին բոլորը նայում դպրոցին նվիրած բոլորովին նոր և գունազարդ «Աշխարհի հրաշալիքները» գրքին: Ա՜յ թե ձեռքից ձեռք կխլեն նման գրքերը: Սիրում եմ նոր գրքերի հոտը, անկախ քեզնից ուզում ես կարդալ:
Դե մեկ էլ մեզ հարկ կլինեն շա՜տ սեղանի և քարտային խաղեր՝ «Այլ կերպ», «Սասնա ծռեր», շախմատ և այլն:

Հա՜, լավ կլինի պլաստմասսե աղբաման և ամանեղեններ ունենանք, որ ժամանցի ժամանակ կարողանանք մեզ թեթև սնունդ կազմակերպել: Ախր մենք քաղցրավենիք շա՜տ ենք սիրում:

Հավես բան կստացվի և մեր ձեռքով էլ ամենը կանենք :)

Fondos becados por Artsakh (October 2018)