Ծուռ խաղ

«Ծուռ խաղը» հիմնված է հայկական էպոսի՝ Սասնա Ծռերի «Սանասարի և Բաղդասարի ամուսնությունը» հատվածի վրա: Այն խաղաքարտերով սեղանի խաղ է՝ նախատեսված 8+ տարիքի երեխաների և մեծահասակների համար: Խաղում առկա են ինը կերպարներ (Էպոսի վերոնշյալ հատվածից), դրանք են՝ Սանասար, Բաղդասար, Քառսուն-Ճուղ-Ծամ-Դեղձուն-Ծամ, երկաթի թագավոր,վիշապ, հովիվ, ալևոր, փահլևաններ և նազիր-վեզիր, որոնք համարակալված են ըստ իրենց զորության և նշանակության: Յուրաքանչյուր կերպար ունի որոշակի գործառույթ՝ համապատասխանեցված էպոսում իր նկարագրին: Խաղը բաղկացած է կերպարները պատկերող խաղաքարտերից, կերպարների գործողությունները և խաղում առկա քանակը նկարագրող խաղաքարտերից և ակերից (որը էպոսում Սանասարը հանում է վիշապի բերանից): Խաղի օրենքները հետևյալն են՝ խաղում են 2-4 անձ: Խաղաքարտերը բաժանվում են յուրաքանչյուր խաղացողի մեկական, այնպես, որ ամեն մեկը տեսնի միայն իր խաղաքարտը, մեկ խաղաքարտ փակ վիճակում մի կողմ է դրվում և չի մասնակցում խաղին, մնացած խաղաքարտերը փակ վիճակում դրվում են մեջտեղում՝ հետագայում օգտագործելու և խաղի մեջ ներառելու նպատակով: Խաղը սկսում է էպոսը վերջերս կարդացած անձը: Առաջին խաղացողը փակ խաղաքարտերի վրայից վերցնում է ևս մեկ քարտ և իր խաղաքարտերից մեկը, ըստ ցանկության կամ տրամաբանության, բաց վիճակում դնում խաղասեղանին, մատնանշում է որևէ խաղացողի, որին ուղղված է իր խաղաքարտի վրա նշված գործողությունը, փահլևանի դեպքում, օրինակ, խաղացողները համեմատվում են խաղաքարտերով և ավելի քիչ ուժ ունեցողը դուրս է մնում խաղից, հովիվը նայում է որևէ մեկի խաղաքարտը (ուժը չափելու նպատակով), նազիր-վեզիրը գուշակում է որևէ մեկի քարտը (Դեղձունի խնձորը գողացողին գտնելու նպատակով) և այլն: Այնուհետև հերթը անցնում է հաջորդ խաղացողին: Հաղթում է նա, ում ձեռքին մնում է վերջին քարտը և արժանանում է մեկ ակի: Եվ այսպես խաղում են այնքան շրջան, մինչև որևէ մեկը հինգ ակ է հավաքում՝ անէացնելով Դեղձունի կախարդանքը և արժանանալով նրա ձեռքին: Այս ինտելեկտուալ խաղը ոչ միայն կօգնի զարգացնել տրամաբանությունը և հիշողությունը, այլ նաև վերհիշել մեր էպոսը և մի փոքրիկ արկած ունենալ նրա հերոսների հետ:

Financiado pelo capítulo Yerevan (September 2016)