Կոմիտասի ձայնադարան

Թանգարանը, լինելով Կոմիտաս Վարդապետի արվեստի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն, ներկայումս հնարավորություն չունի թանգարանի տարածքում այցելուների համար ապահովելու առկա թվայնացված ձայնագրությունների որակյալ և հասանելի ձայնադարան։ Նմանատիպ փորձ իրականացվել է ժամանակավոր ցուցադրության շրջանակում մի քանի տարի առաջ։ Այն բավական հաջողված էր, և այցելուները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում։ Սակայն ձայնադարանի երկարատև գործունեությունը հնարավոր չեղավ ապահովել տեխնիկական խնդիրների պատճառով։

Ձայնադարանից օգտվելը կազմակերպված էր ինքնասպասարկման ձևաչափով, ինչի հետևանքով կարճ ժամանակում վնասվեցին օգտագործվող ականջակալները և ձայնապնակների նվագարկիչների ասեղները, և դրանց հետագա կիրառումը դարձավ անհնար։ Այդ փորձից հետո նախատեսվեց ձայնապնակների երգերի և երաժշտության թվայնացված ձայնագրություններ ունենալ և դրանց կիրառումը դարձնել ավելի ժամանակակից։

Ներկայիս ծրագրի շրջանակում նախատեսվում է մեդիա նվագարկիչի միջոցով ստեղծել թվայնացված ձայնագրությունների ձայնադարան։ Ձայնադարանը կտեղադրվի թանգարանում՝ Կոմիտասի բնակարանի VR ցուցադրության հարևանությամբ։ Տարածքը թանգարանի միջոցներով կկահավորվի ձայնապնակներով, գույքով և համապատասխան գեղարվեստական լուծումներով։

Ձայնադարանը հնարավորություն կտա մինչև 8 այցելուի միաժամանակ ունկնդրելու Վարդապետի հոգևոր և ժողովրդական երգերը։ Ձայնադարանից օգտվելը տեխնիկապես կապահովվի ցուցասրահների համապատասխան աշխատակիցների աջակցությամբ։

Այս ձայնադարանը թանգարանը կդարձնի առավել գրավիչ, կապահովի առկա ձայնագրությունների արդյունավետ կիրառումը և կնպաստի նոր ձայնագրությունների թվայնացման հանդեպ հետաքրքրության աճին։

Նախագիծը նաև կլուծի նախկինում փորձարկված, սակայն տեխնիկական պատճառներով չշարունակված ձայնադարանի խնդիրը՝ առաջարկելով ավելի կայուն, վերահսկվող և երկարաժամկետ լուծում։ Արդյունքում թանգարանը կդառնա ավելի գրավիչ, ինտերակտիվ և մրցունակ մշակութային միջավայր, իսկ առկա և ապագա ձայնագրությունները կստանան նոր կյանք և կիրառություն։

Պատասխանատու՝ Քնարիկ Ղազարյան
ԿԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ

Ֆինանսավորված Yerevan կողմից (January 2026)