Շրջիկ բնագիտական թանգարան

Այսօր նվազել է երեխաների սերը և հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ։ Երեխաները կախված են գաջեթներից, և կարծես չեն նկատում շրջակա բնությունը։
«Շրջիկ բնագիտական թանգարան» նախագծի նպատակն է մեծացնել երեխաների հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ՝ դա անելով երեխաների կողմից ներկայացվող շրջիկ բնագիտական ցուցահանդեսների միջոցով
Մեր շրջիկ բնագիտական թանգարանը կներառի տարբեր հավաքածուներ՝ քարերի, խեցիների, թիթեռների, չորացված բույսերի, և նամականիշների՝ բույսերի, կենդանիների, ձկների, թռչունների պատկերներով։ Ցուցանմուշերը կդասավորվեն տարբեր չափսերի շրջանակների կամ տուփերի մեջ և կտեղադրվեն թեթև ֆաներայից ծալովի ոտքերով սեղանների վրա, որոնք հեշտ լինի հավաքելը և տեղափոխելը։ Ցուցանմուշները կդասավորվեն ըստ տեսակների, դրանց վրա կգրվեն նմուշների անունները։ Յուրաքանչյուր ցուցասեղանի վրա դրված կլինի խոշորացույց/լուպա, որպեսզի հետաքրքրված երեխաները ավելի մանրամասն ուսումնասիրեն ցուցանմուշերը։
Շրջիկ թանգարանը հիմնականում դպրոցականներից կազմված նախաձեռնող խումբը կցուցադրի Վայոց ձորի մարզի առնվազն 4 գյուղական դպրոցներում։ Ցուցանմուշները գյուղական դպրոցների երեխաներին կներկայացնեն մեր նախաձեռնող խմբի անդամ դպրոցականները։
Դպրոցականներին նաև կցուցադրվի, թե ինչպես դիտել տերևները, բյուրեղներ, միջատներ կամ այլ բնական փոքր նմուշներ մանրադիտակով։
Ակնկալում ենք, որ ծրագրի արդյունքում կմեծանա Վայոց ձորի մարզի երեխաների հետարքրքությունը բնագիտական առարկաների՝ բուսաբանություն, կենդանաբանություն, աշխարհագրություն, շրջակա միջավայր նկատմամբ, նրանք ձեռք կբերեն նոր օգտակար հետարքրքրություններ և հոբբիներ, նրանց մոտ կառաջանա շրջակա միջավայրը հետազոտելու, դրա վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերելու, հավաքածուներ հիմնելու, դրանց մասին հասակակիցների հետ կիսվելու նոր վարքագիծ և փորձառություն։
Ցուցահանդեսի մասին կտարածենք սոցիալական ցանցերով և մամուլի միջոցներով։
Գաղափարը 10-ամյա Շիրակինն է։ Նա մանկուց սիրում է հիմնել հավաքածուներ՝ «դինոզավրերի», խեցիների, քարերի, նամականիշների, որոնք համալրվում են բարեկամների կողմից։ Տանը ունի իր թանգարանը, որը ցանկանում է հասանելի դարձնել այլ երեխաների։

Financiado pelo capítulo Nature Armenia (August 2023)