«ԲՈւԲՈՅԻ ԾՐԱԳԻՐԸ»

Նախագծի միտքը ծագեց Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի (ՏԱԽԱԱ) Երկարակեցության կենտրոնում՝ տարեցների աջակցությամբ հենց իրենց համար անվճար ծրագրերի պահպանմանը նպաստելու, կազմակերպության երիտասարդ ղեկավարներին իրենց փորձով օգնելու համար։

Բուբոն Ասոցիացիայի խորհրդանիշն է։ Ծնվել է Տարեցների կրեատիվության լաբորատորիայում՝ որպես նվեր տալու գործընկերներին ու կենտրոնի հյուրերին այն ուղերձով, որ իմաստուն լինեն և իրենց կարևոր որոշումներում միշտ հաշվի առնեն տարեցներին։ Անունը բխում է Bubo bubo բվի խոշոր տեսակի անունից, որը գրանցված ՀՀ Կարմիր գրքում։

Տեսնելով Բուբոյի հանդեպ հետաքրքրությունը և այն դրական տրամադրությունը, որն սփռում է իր շուրջը, որոշեցինք նրա օգնությամբ լուծել ներկայում Ասոցիացիայի առջև ծառացած ֆինանսական խոչընդոտները։ 63+ տարիքի մի շարք ստեղծագործ տարեցներ կարելու են Բուբո բվիկներ։ Ստեղծած Բուբոները վաճառվելու են, իսկ վաճառքն իրականացվելու է հանրային դեմքերի օգնությամբ, որոնք վաճառքից բացի նաև հանրության ուշադրությունն են գրավելու տարեցների վրա՝ կոտրելով մի շարք կարծրատիպեր նրանց ու ծերության մասին։

Վաճառքից ստացված հասույթը կուղղվի Կենտրոնի ծառայությունների անվճարության պահպանմանը, իսկ յուրաքանչյուր վաճառքից 10%-ը կտրվի տարեցների աշխատանքային խմբի անդամներին որպես խրախուսիչ հոնորար։

Ունենք կարի մեքենաներ, տարեցներին սովորեցրել ենք կարի հմտությունները, ասեղնագործություն և Բուբոյի ստեղծման տեխնիկան, մնում է միայն ձեր աջակցությամբ գնել անհրաժեշտ նյութերը։

Ի դեպ, մոտ ապագայում Բուբոն նաև խոսելու է հատուկ հավելվածի միջոցով՝ նպաստելով մեր բանահյուսական, մշակութային արժեքների տարածմանը, բնաշխարհի վերաբերյալ իրազեկմանը։ Այնպես որ ձեր Օսըմ դրամաշնորհը կարող է անուղղակիորեն նպաստել նաև մեկ այլ կրեատիվ ծրագրի իրագործմանը՝ երկրաչափական պրոգրեսիայով բազմապատկելով իր ազդեցությունը։

Ծրագրի տևողությունը 2 ամիս է։ Պատրաստ ենք հանդիպելու և քննարկելու մանրամասները։

Ֆինանսավորված Yerevan կողմից (September 2022)